«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ամեն հինգշաբթի անցկացվող գիտական լսմանը զեկուցումներով են հանդես եկել Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկները։ Բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանը ներկայացրել է Ամերիկյան Ռևմատոլոգների Կոլլեգիայի ամենամյա կոնգրեսի (ACR Convergence 2023) հիմնահարցերը. ընդհանուր տպավորությունները։
Հիշեցնենք,որ Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչը ավելի վաղ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է American College of Rheumatology Convergence 2023 ռևմատոլոգիական կոնգրեսին, որին քննարկվել են ռևմատոլոգիային վերաբերող բազմաթիվ արդի թեմաներ։ Մասնավորապես, այս տարի առանձնակի ուշադրություն են դարձրել բորբոքային միոպաթիաներին, ռևմատոլոգիական հիվանդությունների շրջանակներում թոքերի ախտահարմանը, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշին, IgG4-փոխկապակցված հիվանդությանը:
Պատահական չէ, որ գիտական լսման մյուս զեկույցը «IgG4- փոխկապակցված հիվանդություն. a new kid on the block» թեմայով էր, զեկուցողը՝ Նունե Մանուկյանը, իսկ «Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ACR/EULAR 2023 ախտորոշիչ չափանիշներ» թեմայով զեկույց ներկայացրեց բժիշկ-ռևմատոլոգ Աննա Սարգսյանը։ Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին ռևմատոլոգներին, օրինակ՝ ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ ստուգել հակաֆոսֆոլիպիդային հակամարմինները, կարևորվեց թիմային աշխատանքը ռևմատոլոգիայում, այլ մասնագետների դերը բուժման ալգորիթմում։
.png)